ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Նուրսուլթան Նազարբաևը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը մի շարք բնագավառներում:

«Ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը քաղաքական հարցերի և անվտանգության հարցերի շուրջ, առևտրում և ներդրումների ոլորտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանը 2,5 մլրդ դոլար գումարի ամերիկյան արտադրանք ու ծառայություններ է գնել երկրի նախագահ Նազարբաևի Վաշինգտոն կատարած այցի արդյունքում: Նաև նշվել է, որ ԱՄՆ-ն և Ղազախստանը շարունակում են համագործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

2016 թվականին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,9 մլրդ դոլարի: Իր հերթին, Նազարբևի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանի նախագահի ԱՄՆ այցի ընթացքում 20-ից ավելի համաձայնագրեր են ստորագրվել ներդրումային և առևտրատնտեսական համագործակցության մասին, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 7 մլրդ դոլար: