Արմեն Գևորգյան. «Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում»
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանի շենք մտնելիս լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ իրեն ներկայացված մեղադրանքին ծանոթ է։
«Հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում։ Մնացած այլ պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն դատարանի նիստից հետո»,- ասաց Գևորգյանը՝ խորհուրդ տալով ենթադրություններ չանել ու հանգիստ կյանքով ապրել։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Նրան մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։