Թուրքիայի Ուրֆա քաղաքում ոստիկանությունը գրոհել է քրդամետ Ժողովրդադեմոկրտական կուսակցության տեղի գլխավոր շտաբի շենքի վրա՝ ձերբակալելով կուսակցության 38 անդամի, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

Ոստիկանական գործողության պատճառը քրդամետ գործիչների սկսած հացադուլն է, որը նրանք 3 օր շարունակ իրականացնում են հաջակցություն բանտում գտնվող քուրդ պատգամավոր Լեյլա Գյուվենի։

Ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են շտաբի շենք ու խուզարկություններ իրականացրել ներսում:

Ժողովրդադեմոկրատների գործողությունները համարվել են «ահաբեկչամետ քարոզչություն», մասնավորապես՝ նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու համար: Նշենք, որ պատգամավոր Լեյլա Գյուվենը բանտում է նույն մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015թ-ի ամռանը: