Save the Children մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Եմենում 2015թ. ի վեր մինչև 5 տարեկան 85.000 երեխա է սովամահ եղել, ինչպես նաև մահացել տարատեսակ հիվանդություններից:

Տվյալները տրամադրել է Միացյալ ազգերի կազմակերպությունը, որն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ մինչ Եմենում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը պայքարում են Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալների դեմ, երկրում մոտ 14 մլն մարդ սովամահ լինելու վտանգի տակ է:

«Ռումբերից, փամփուշտներից զոհվող, ինչպես նաև սովամահ եղող երեխաների դեպքում ամեն ինչ կարելի է կանխել: Սովամահ եղող երեխաներն անասելի տառապանքներ են կրում. կենսական նշանակություն ունեցող օրգանները կամաց-կամաց դադարում են գործել: Նրանց դիմադրողականությունն այնքան թույլ է, որ նրանք խոցելի են ամենաչնչին վարակի համար: Նրանք այնքան թույլ են, որ անգամ չեն կարողանում լացել: Ծնողները դառնում են իրենց երեխաների դանդաղ մահվան ականատեսը, սակայն ոչինչ չեն կարողանում անել»,- նշել է Եմենում Save the Children-ի առաքելության ղեկավար Թամեր Կիրոլոսը:

Եմեն ներկրվող սննդի ու այլ օգնության 80%-ը բերվում է Հոդեյդա նավահանգստով, սակայն այն նախորդ տարվանից շրջափակել են Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը: Դրա հետևանքով Save the Children-ը ստիպված է երկրի հյուսիսային հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնությունը հարավով բերել, ինչը զգալի երկարաձգում է ամբողջ գործընթացը: