Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում ուժային ասիմետրիայի խնդիր կա, բոլոր երկրներն իրար հավասար պետք է լինեն և միմյանց հավասար կերպով վերաբերվեն:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատել է սակայն, որ այստեղ որոշ երկրների առաջնորդներ կարծում են, որ իրենք ավելի մեծ քաշ ունեն և ավելի մեծ ազդեցություն որոշումների կայացման գործընթացում: Բանակցային գործի մասնագետը նման դիտարկումներ արեց՝ խոսելով Հայաստանի և Բելառուսի հեռակա բանավեճի մասին:

«Հայաստանը, չնայած փոքր երկիր է, սակայն ցանկանում է, որ իրեն ընդունեն որպես հավասարի, շարժվեն կազմակերպության փաստաթղթերում ընդունված սկզբունքների համաձայն»,- ասաց նա՝ բացատրելով Նիկոլ Փաշինյանի արձագանքի պատճառները Բելառուսի և Ղազախստանի նախագահներին:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել էր․

«Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև:

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:

Սրան հաջորդել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը: Մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»:

«Հավանաբար դա ընդունելի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահը խախտել էր դիվանագիտական «չգրված օրենքները». անընդունելի է, երբ կառույցի մեկ անդամ քննարկում է մեկ այլ անդամի հակառակորդի հետ կառույցին վերաբերող ներքին խնդիրները:

«Հիշեցնեմ, որ երբ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելեց Ռուսաստան և քննարկում էր միջուկային զենքի պայմանագրերի հետ կապված հարցեր, առաջարկեց, որ հարցը քննարկվի նաև Չինաստանի հետ, հստակ պատասխան ստացավ, որ առանց Չինաստանի իրենք չեն քննարկի Չինաստանին վերաբերող հարց: Դա ճիշտ պատասխան էր, և լավ կլիներ, որ նույն կերպ վարվեին բոլոր երկրների հետ՝ մեծ, թե փոքր»,- ասաց նա՝ նշելով, որ այստեղ շատ բան իհարկե նաև Ռուսաստանից է կախված:

Արթուր Մարտիրոսյանի պատկերացմամբ՝ Բելառուսն իր պահվածքով նախագահ Լուկաշենկոյի լեզվով ցանկանում է ասել, որ իրենք կարող են ՀԱՊԿ-ում Հայաստանին փոխել մեկ այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով:

«Բայց դա «բլեֆ» է: Եթե իրոք այդպես է, ապա Հայաստանն էլ պետք է մտածի, թե ինչու է իրեն պետք այդ կառույցին անդամ լինել: Գուցե պետք է առանձին երկրների հետ ռազմատեխնիկական հարաբերություններ զարգացել, եթե շահերը համընկնում են, երկկողմանի պայմանագրեր կնքել: Առանձնապես պետք էլ չէ, որ կառույցում մնա: Սակայն ՀԱՊԿ-ի առկայությունն ավելի շատ Ռուսաստանին է պետք»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի արձագանքին՝ բանակցային գործի մասնագետը նշեց, որ, իհարկե, կարելի է կոշտ հակադարձել, բայց կոշտ խոսքին պետք է հաջորդի նաև կոշտ գործելաոճը, որ ապացուցի որդեգրված մոտեցումը: Ըստ նրա՝ այս իրավիճակներում միշտ կա վտանգ գլորվելու դեպի ոչ ցանկալի զգացական լարման:

«Հայաստանը, իհարկե, կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը, ցույց տալ, որ չի համաձայնում, որ Բելառուսի ներկայացուցիչն ընտրվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար՝ դրանով փակուղի ստեղծելով»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այդ դեպքում ճիշտ կլինի, որ Հայաստանը հաշվարկի, թե ինչն է իրեն ստիպում նման քայլի գնալ, ինչ է դրա արդյունքում ինքը ստանալու,- չպետք է բացառել սցենարը, որի դեպքում ՀԱՊԿ-ը ևս մեկ տարի կգոյատևի առանց գլխավոր քարտուղարի, եթե Հայաստանն արգելափակի, սակայն մեկ տարի հետո պաշտոնը ավտոմատ կերպով կանցնի Բելառուսին»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն դեպքում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է տարբերակել Նազարբաևի արած հայտարարությունից և կազմակերպության էթիկայի կողմից անընդունելի համարվող Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանին Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հանգամանքից։

«Կառույցի անդամ երկրները պետք է վերջ դնեն հավաքական կազմակերպության համար նման ապակառուցողական հաղորդակցական պրակտիկային»,- ասաց նա:

Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների միջև հակասությունների պատճառն էլ, ըստ մասնագետի, կարող է լինել նաև այն, որ կան տարբերություններ. օրինակ՝ Բելառուսի, Ղազախստանի, նաև Ռուսաստանի առաջնորդները արդեն 20 և ավելի տարի է՝ ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմով ղեկավարում են իրենց երկրները, և նրանց համար դժվար է նույն լեզվով խոսել Փաշինյանի հետ:

Նրա խոսքով՝ եթե փոխադարձ հարգանքի սկզբունքները չպահպանվեն, իրավիճակը լարվելու է. Հայաստանը չպետք է լինի մի կառույցի անդամ, որտեղ իրեն չեն հարգում, որտեղ ինչպես սովետական բանակում՝ «դեմբելներն» են որոշումներ կայացնում:

Արթուր Մարտիրոսյանը նաև նկատեց, որ ակնհայտ է՝ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրները միմյանց շահերին հարվածողներ են, նորից շեշտեց՝ կառույցն առավել շատ Ռուսաստանին է պետք:

«Իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ը պետք է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար: Կազմակերպությունը ստեղծվել է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանության խնդիրները լուծելու համար, բայց դժվար է պատկերացնել, որ եթե վաղը ինչ-որ գործողություններ սկսվեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, ՀԱՊԿ անդամ մնացած երկրերը մեզ ինչ-որ հարցում կաջակցեն: Նորից կասեն, որ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության մեծ ծավալներ ունեն, եղբայրական երկրներ են և այլն: Մենք պետք է իսկապես հասկանանք, թե ինչ կարող ենք ստանալ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրներից: Հայաստանին իրականում պետք է, որ Ռուսաստանի հետ համագործակցի, բայց նրան առանձնապես պետք չէ Ղազախստանի և Տաջիկստանի զորամիավորումների հետ միասին զորավարժությունների մասնակցելը: Ես չեմ տեսնում այդ ձևաչափում կարևոր խնդիրների լուծում: Մեզ համար այստեղ Ռուսաստանն է կարևոր, դրա համար ենք անդամակցում, բայց դա չի նշանակում, որ մեզ հետ պետք է վարվեն Լուկաշենկոյի պես: Իրավիճակը պետք է շտկի Ռուսաստանը: Շատ բան այս իրավիճակում, վստահ եմ, կախված է Ռուսաստանից», - ասաց նա:

Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի նշանակմանը, ապա, ըստ Արթուր Մարտիրոսյանի, Հայաստանը կարող է ավելին ստանալ ավելի պրագմատիկ մոտեցման դեպքում:

«Այդ դեպքում պետք է հարց տալ, թե ինչ է մեզ տալու գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես երկիր մենք ինչ ենք ստանալու դրանից՝ բացի նրանից, որ արդարության և հեղինակության պահպանման խնդիրն ենք լուծելու»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ հստակ պետք է լինի, թե Հայաստանը, մերժելով այլ երկրի ներկայացուցչի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչ է ի վերջո ստանալու:

«Չեմ կարող ասել, որ գնալով իրավիճակը կսրվի: Մենք կարող ենք մեր շահերի համար կարևոր բան ստանալով բավարարվել: Երևի իմաստ չունի էլ պայքարել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, պետք է պարզապես ազգային շահն առաջ տանել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք ստանալ դրա դիմաց: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնը ժամկետից շուտ ստանա Բելառուսը, պետք է նաև հասկանանք, թե ինչ կստանա դրա դիմաց Հայաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացում լավ կլինի, որ նաև արտաքին գործերի նախարարությունը հանդես գա հանրության առջև բացատրություններով, թե ինչու է, օրինակ, մեզ պետք պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման իրավունքը, ինչ է մեզ դա տալու:

Հիմա, ըստ նրա, Հայաստանը պարզապես պետք է կողմնորոշվի, թե իր համար հատկապես ինչն է կարևոր՝ լարվածության ստեղծու՞մ՝ հանուն հեղինակության պահպանման, թե՞ առավել կարևոր է այն, ինչ կստանա դրա դիմաց ազգային շահերն առաջ տանելու համար:

«Հայաստանը պետք է Բելառուսին և Ռուսաստանին ասի՝ եթե ձեզ համար կարևոր է, որ Բելառուսի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար, ապա մենք էլ պետք է իմանանք, թե դրա դիմաց կոնկրետ ինչ ենք ստանալու և դրա դիմաց ներկայացնենք կոնկրետ տարբերակների խումբ Հայաստանի պաշտպանական շահերի վերաբերյալ: Դա չպետք է հնչի որպես առևտրի հրավեր, այլ պետք է լինի փոխշահավետ համագործակցություն՝ ուղղված պահպանելուն հավաքական և գործընկերային ոգին ՀԱՊԿ-ում»,- ասաց նա: