ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք», - ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ բանակցությունները չեն ավարտվել, երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Մելքումյանը հավելեց նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի հետ միայն բանակցություններ են եղել, լսել են կառավարության տեսակետը:

«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», - ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, այնուհետև ցուցարարների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններին ներկա բոլոր քաղաքական ուժերը մնացել են իրենց դիրքորոշումներին: Որևէ մեկը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած պայմաններին։ Այնուհետև նա հայտնել է․

«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»։