Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին․

«Անկասկած, եթե որևէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել. անթույլատրելի և զազրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց: Եթե դա համապատասխանում է իրականությանը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացմունքները, որոնք հայ ժողովուրդը և յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս», - ասաց նա:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին անդրադառնալով նշեց․

«Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, որ հնարավորություն տրվի, որ բազմակողմանի և լրիվ նախաքննություն իրականացվի, բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ:

Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից՝ այս պահին որտեղ են: Եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին և դա իրականությանը համապատասխանում է»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։