Ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին մայիսի 28-ին հանձնել են Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակը՝ Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում կայացած հանդիսավոր արարողության ժամանկ։

Նշենք, որ Աստրիդ Լինդգրենի մրցանակը Շվեդիայի կառավարությունը սահմանել է գրողի մահվանից հետո 2002թ․-ի հունվարին: Դրամական վարձատրության գումարը կազմում է 5 միլիոն շվեդական կրոն (շուրջ 610 հազար դոլար), և այն շնորհվում է երեխաների և դեռահասների համար գրականության բնագավառում նվաճումների համար:

Պարգևը դափնեկիրը ստացել է գահաժառանգ արքայադուստր Վիկտորյայի ձեռքից: Ժյուրին նշում է, որ Վուդսոնն իրենց թույլ է տալիս հանդիպել երիտասարդների, որոնք ամբողջ ուժով փորձում են հաղթահարել իրենց խոցելիությունը և գտնել այն վայրը, որտեղ կարելի է սկսել իրենց կյանքը:

Վուդսոնի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Հրաշքի տղաները» (Miracle”s boys – պատմություն 22-ամյա պատանու մասին, որը մոր մահվանից հետո հարկադրված է հոգալու իր երկու դեռահաս եղբայրների մասին) և «Փետուրները»(Feathers – պատմվածք, որի գործողությունը տեղի է ունենում 70-ական թթ․ աֆրոամերիկացի բնակչությամբ ավանում, ուր մի օր սպիտակամորթ տղա է ժամանում), ինչպես նաև «Թխամորթ աղջկա երազանքները» (Brown Girl Dreaming):