ԱԱԾ-ն խուզարկել է «Նորֆոլկ Քոնսալթինգի» գրասենյակը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակը, որտեղից և առգրավել են ընկերության համակարգիչները և փաստաթղթերը։ Տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի ծառայությունից, փոխանցում է «Հայկական ժամանակը»։
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգը» զբաղվում է այսպես կոչված «կարգոյի գործով»՝ փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպմամբ ու մաքսազերծմամբ։
2017թ․-ի արդյունքներով՝ ընկերությունը խոշոր հարկ վճարողների 17-րդ տեղում էր՝ ավելի քան 7 մլրդ դրամ վճարված հարկերով։
Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Հիշեցնենք, որ ընկերությունը ստեղծվել էր 2016թ․-ի ամռանը, իսկ հոկտեմբերին «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը զբաղեցրել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ինքը Հարությունյանը հերքում էր հնարավոր շահերի բախման տարբերակը։