ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը
Կառավարության այսօրվա մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն:
ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Դավիթ Անանյանի կենսագրությունը․
Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երևանում։
1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:
Եղել է 1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ։ 2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար։ 2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մասնակից։ 2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու։ 2004թ. առ այսօր- ՀՀ տարբեր բուհերում («Հայաստանում ֆրանսիական համալսարան», «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամներում, Երևանի պետական համալսարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դասախոս։ 2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։
Որակավորման հիմնական ոլորտները․-ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ։
Մասնակցել է․-2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբագրման և տեղայնացման աշխատանքներին մասնակցություն որպես փորձագետ։ 2008-2013թթ.- հաշվեգրման հիմունքով Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների թարգմանության ու խմբագրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի և նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն որպես փորձագետ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։