Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները», - ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ. «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ. «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել: