Մի քանի նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին
Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը:
Ֆեյսբուքյան իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է նախարարներ Սերգո Կարապետյանի և Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում:
Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում:
Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին Սուրեն Կարայանը:
Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է: