Լավրովն ու Մամեդյարովը ԼՂ կարգավորման հարցեր են քննարկել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախարարները քննարկել են Կասպիական 5-րդ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման հարցը Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսկ ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակն Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: