«Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքի շինարարությունը կավարտվի շուտով
Վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի շինարարությունը սկսվել է 2012թ.-ի հունիսի 1-ին: Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, շենքի շինարարությունը կավարտվի մինչ այս տարվա վերջ: Այս մասին հայտնել է jnews.ge-ը։
«Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքը չի օգտագործվում: Այն գտնվում է գործող շենքից ոչ հեռու: Նինոծմինդայի մաքսային անցակետի կառուցման մրցույթը հայտարարվել էր 2012թ.-ի մարտի 13-ին: Նախագիծը նախաձեռնվել և ֆինանսավորվում է Վրաստանի եկամուտների ծառայության կողմից: Շինարարության համար հատկացված գումարը կազմում է 13 439 000 լարի (ներառյալ ԱԱՀ-ն): Շենքը կառուցելու իրավունքի մրցույթին մասնակցել է վեց ընկերություն: Տենդեր-մրցույթը հաղթել է ԲԸ «Մոնոլիթմշենի» ընկերությունը 9 865 979 լարիով: (ներառյալ ԱԱՀ-ն):
Նախագծի համաձայն նոր մաքսային անցակետը լինելու է 1.75 հա տարածքով (40x 107 մ) երկհարկանի ժամանակակից շենք: Շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2012թ. հունիսի 1-ին: Շինարարությունը, պայմանագրի համաձայն, պետք է ավարտվեր 19 ամսվա ընթացքում՝ մինչ 2014թ.-ի հունվարի 20-ը: Սակայն, պայմանագրում 17 անգամ մտցվել է փոփոխություն: Վերջին փոփոխությունը ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 14-ին, ու այդ փոփոխության համաձայն, շինարարական աշխատանքների վերջնական ավարտը նշվել է 2015թ.-ի հունիսի 25-ը: