Երևանի տրանսպորտը վերսկսել է աշխատանքը
Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ, գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։
Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:
Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
«Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար»,-ասվում է գրառման մեջ:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի 18-ից աշխատելու է գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչև 23։00-ն։ Ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները։ Մուտքը՝ դիմակով։