Դատավոր Գրիգորյանին պաշտոնեական կեղծիքի համար մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ կատարվել են պաշտոնեական կեղծիքներ:
Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել։
Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Գրիգորյանը և Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:
Բացի այդ, 11.09.2018թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Գրիգորյանին: Վերջինս դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել, որոնց հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրությունը կցվել է դատական գործի նյութերին:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք՝ 2 դրվագ, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (կատարողի հետ մեկտեղ հանցակից է համարվում օժանդակողը՝ 2 դրվագ):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: