Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» է որակել, իսկ տեղի ունեցածը հեղափոխությունից հետո ամենամեծ պարտությունը։

Նա նշել է, որ իր հեղափոխական թիմը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։

«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամաորներին սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ ամենը նպատակ ունի «խեղճացնել, քայքայել» քաղաքական մեծամասնության հանդեպ վստահությունը։

Փաշինյանը նշել է, թե մայիսի 7-ին Մարուքյանն իրեն հրավիրել է սուրճի, և ինքն ասել է, թե հիմքեր ունեն կասկածելու, որ «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը հոգեբանական, բարոյական և ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մի մասն է։

Փաշինյանը մատնանշել է տեղի ունեցած միջադեպի վայրն ու հարցրել, թե ինչու՞ էր ելույթ ունեցող Մարուքյանն իջել ու գնում դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Վարչապետը հարց է ուղղել, թե որտեղի՞ց վստահությունը, որ Միքայելյանն իր վրդովմունքն արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից։

«Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, չեմ կարող անվանել։ Մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Եվ ես ուզում եմ ուղիղ ասել, որ դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների։ Մեզ ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից։ Այս ամբիոնից էր այդ մարդն ասում մեզ «պադյեզդներում ծեծելու են», նրանք մեզ ուզում են դարձնել իրենց՝ «պադյեզդներում ծեծողներ», մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, թե ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ՝ «սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»։