«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ մշակելու ուղղությամբ»․ Զարուհի Բաթոյան
Աշխատանքի եւ սոցիալական աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց քաղաքացիների ուղղված սոցիալական ծրագրերը։
«Այս պահին կառավարությունը հաստատել է աջակցության 11 ծրագիր, որից 5-ը ուղղված է տնտեսական բլոկին, այսինքն գործատուներին, ծրագրերի միջոցով նրանք կկարողանան իրականացնել բիզնես նպատակները և փոխհատուցել աշխատողների աշխատավարձերը, մնացած 6-ը սոցիալական աջակցության ծրագրեր են»,-ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Բաթոյանը ներկայացրեց սոցիալական աջակցության 6 ծրագրերը։
4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող, գրանցված աշխատանքից ազատվածներին։ Փոխհատուցման համար նախատեսված գումարի չափը 100․000 դրամն է, ծրագրի համար դիմել պետք չէ, պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները, որից հետո դիմողը կտեսնի՝ հանդիսանում է շահառու է թե ոչ, եթե շահառու է, գումարը ստանալու համար պետք է դիմի բանկ։ Այս ծրագրի շահառուների ցանկը, նախարարի խոսքով, թարմացվում է։
6-րդ ծրագիրը վերաբերում է մասնավոր սեկտորում գրանցված, աշխատանքից ազատվածներին, ծրագրից օգտվում է 6723 շահառու ։
7-րդ ծրագիրը վերաբերում է հղի կանանց։ Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020թ-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020թ-ի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, նաև այն հղի կինը, ով միայնակ է՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է, և 2020թ-ի մարտի դրությամբ չի աշխատում: Ըստ նախարարի՝ շահառու հանդիսանում են 5957 քաղաքացի։
8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտների աշխատակիցներին, այսինքն այն մարդկանց, որոնք գրանցված են, բայց կորոնավիրուսի պատճառով այս պահին աշխատանքի չեն գնում, կամ աշխատավարձ ստանալու խնդիր ունեն, 45,000 դրիմում է ստացվել, որոնցից 27,000-ը հաստատվել է, 1,8 միլիարդ դրամ է փոխանցվել, 27․000 շահառու բաների միջոցով այսօր կարող է գումար ստանալ։ Ծրագրին դիմելու համար պետք է ssa.am կայքում օնլայն գրանցվել։
9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, դիմումների ընդունումը կատարվում է նույն կայքի միջոցով օնլայն։
11-րդ ծրագիրը հաստատվել է երեկ՝ կառավարության նիստի ընթացքում, վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի փոխատուցմանը։ Այս ծրագրի շահառու են հանդիսանում այն բաժանորդները որոնց փետրվար ամսվա գազի վճարը չի գերազանցում 10․000 դրամը, իսկ էլեկտրաէներգիան 5․000-ը, այս ծրագրից օգտվելու է 22․000 շահառու։
Բաթոյանը նշեց նաև, որ բացի 8-րդ և 9-րդ ծրագրերից, մնացած ծրագրերին դիմելու անհրաժեշտություն չկա, պետք է պարզապես մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել անձնական տվյալները, որից հետո քաղաքացին կտեսնի՝ ծրագրի շահառու է թե ոչ։
«Կայքի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար մի քանի ժամով կասեցրել ենք աշխատանքը, որպեսզի սխալներ կամ ավտոմատ մերժումներ չլինեն, քանի որ ստացել ենք մեծ թվով դիմումներ, քաղաքացիները կարող են դիմել մի փոքր ուշ»,- ասում է նա։
Նախարարի խոսքով՝ քանի որ մինչ այդ ոչ մի բազա չի եղել, որտեղ կհավաքագրվեն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվող քաղաքացիների տվյալները, ցանկը ձևավորվում է ամենօրյա դիմումների հիման վրա։ Նշեց նաև որ չեն բազառվում դեպքեր, երբ քաղաքացին կարող է դուրս մնալ սոցիալական աջակցության ցուցակից։
«Ինչպես գիտեք, չգրանցված աշխատողների մասին ոչ մի տեղ տեղեկություն չկա, հետևաբար մենք մեր ծրագրերի շրջանակը լայնացրել ենք, որպեսզի հնարավորին շատ թվով շահառուներ օգտվեն ծրագրերից»,- ասում է Զարուհի Բաթոյանը։
Այն հարցին, թե թոշակառուների համար այս պահին որևէ ծրագիր նախատեսվա՞ծ է, Բաթոյանը պատասխանել է․
«Խոցելի խմբերի և թոշակառուների համար այս պահին չունենք նախատեսված աջակցության ծրագիր, բայց «Հայփոստի» հետ համատեղ փորձում ենք սահմանափակել նրանց տնից դուրս գալը, կենսաթոշակները տրամադրում են բացառապես տնայցերի միջոցով»։