Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով։

Քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների մասին օրինագծերի փաթեթը։

Նախագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։