Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում և Կոտայքում են․ Արսեն Թորոսյան
ՀՀ-ում կորոնավիրուսի փոխանցման շղթաները, վարակակիրների կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ է իրականացվում: Կան դեպքեր, որ 100%-ով հայտնաբերված են և համաճարակաբանական հետազոտությունն այլևս չի շարունակվում, բայց կան դեպքեր, որ համաքաղաքացիները չեն գործակցում ու պրոցեսը երկար է տևում, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշներում շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Քարտեզը, երբ պատրաստենք, կտեսնեք՝ որ մարզերում են հաստատված դեպքերը: Դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ հարակից մարզերում, վարակման հատուկենտ դեպքեր կան Շիրակի, Լոռու, Սյունքի մարզերում»,- ասել է Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրում, Արարատում և Կոտայքում: Վայոց ձորում և Գեղարքունիքում հաստատված դեպքեր դեռ չկան: