Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ հագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ $110 000-ի չափով:

Մարտի 23-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրներում կորոնավիրուսային իրավիճակին, տեղեկատվություն փոխանակել կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:

Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ աջակցությունը:

Ադոնցը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ ԱՆ-ին անհատույց տրամադրված կորոնովիրուսի 1008 թեստի համար, որոնք օրերս հասել են Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ` պայմանավորվելով սերտ կապ պահել այդ հարցի հետագա քննարկման համար:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: