ԱՄՆ-ի հոսքային տեսանյութերի Netflix ընկերությունը ձեռք է բերել Ալեքսեյ Գերման Կրտսերի «Դովլաթով» նոր կինոժապավենի ցուցադրության իրավունքները: Գործարքը կատարվել է փետրվարի 25-ին ավարտված՝ Բեռլինի 68-րդ կինոփառատոնից հետո: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը (THR):

«Դովլաթով» ֆիլմը նկարահանել է ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման Կրտսերը՝ Սերբիայի և Լեհաստանի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ: Այն պատմում է գրողի կյանքի 1971թ․-ի չորս լենինգրադյան օրերի մասին: Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է դերասան Միլան Մարիչը։

«Դովլաթով» կինոֆիլմը սթրիմինգ-սերվիսի բաժանորդներին մատչելի կլինի Հյուսիսային Ամերիկայի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Սկանդինավիայում: Նաև նշվում է, որ Alpha Violet ընկերությունը, որը զբաղվում է համաշխարհային վարձույթում կինոժապավենի տարածմամբ, կինոնկարը կցուցադրի ևս 13 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում: