Ջավախքի Աբուլի ամրոցը կվերանորոգվի
Այս տարի ևս Ջավախքի Աբուլի ամրոցի տարածքում կշարունակվեն գիտահետազոտական աշխատանքները, իսկ մյուս տարվանից կսկվեն վերանորոգման և կոնսերվացման աշխատանքները: 2019թ-ի սեպտեմբերին Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման կենտրոնի ներկայացուցիչները՝ Գոդերձի Նարիմանիշվիլիի գլխավորությամբ և Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության աջակցությամբ՝ հնագիտական հետազոտություններ են սկսել Աբուլի ամրոցում։
Պեղումների հիմնական նպատակը փաստաթղթեր կազմելն էր, որպեսզի այդ հուշարձանը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ ավելի պաշտպանված լինելու նպատակով։ Հնագիտական պեղումներն իրականացվել են փոքր մասշտաբով` 2-3 մետր երկարությամբ, 1-1,5 մետր լայնությամբ:
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն ասել է, որ այս տարի նույնպես Աբուլի ամրոցի տարածքում կիրականացվի գիտահետազոտության գործընթաց և մյուս տարվանից արդեն նախատեսում են կոնսերվացիա-ռեստավրացիա։ Այս մասին նա ասել է Jnews-ի հետ զրույցում։
«Որպեսզի հուշարձանը ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապա պետք է ամբողջական կառավարման մեխանիզմ, խոսքը հետազոտության, կոնսերվացիայի, վերանորոգման մասին է, միևնույն ժամանակ պետք է մշակված լինի նաև կառավարման ծրագիրը և այլն։ Այս ծրագիրը երկարաժամկետ որոշում է, որը մոտավորապես 5-6 տարի կտևի»,- նշել է նա:
Պետք է պատրաստեն առաջադրման քարտ, որը նախատեսում է այս հուշարձանի կառավարումն ըստ պահպանման մեթոդաբանության: Այն նախատեսում է նաև հնէաբանական որոնումներ և հետազոտություններ, այդ թվում՝ կոնսերվացման աշխատանքներ, բերդի կառուցվածքի վերականգնման և տվյալ մշակութային ժառանգության տարածքի կառավարման մեխանիզմների մշակում։
Բայց դեռ հայտնի չէ, թե ե՞րբ կներառվի հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։