Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գրում է ՊանԱրմենիան-ը։

«Առերևույթ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով քննված քրեական գործով կայացվել է նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականցնելու որոշում»,- նշել են դատախազությունից:

Ըստ դատախազության՝ քննության արդյունքում պարզվել է, որ առանաձնատան շինարարությունը փաստացի ավարտվել է 2016թ-ի 4-րդ եռամսյակում, իսկ Խաչատրյանի որդու կողմից նախաքննության ընթացքում կատարվել է համապատասխան՝ 4.2 մլն դրամի առանձնատան գույքահարկի վճարում:

Նշվում է նաև, որ 2018թ-ի հունիսի 15-ին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ առանձնատան ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ:

«Այսինքն՝ գույքահարկ չվճարելու ժամանակահատվածը տվյալ դեպքում հաշվարկվում է 2016թ-ի 4-րդ եռամսյակից մինչև 2018թ-ի 2-րդ եռամսյակ, որի պարագայում գույքահարկի չափը կազմում է 3,275,903 դրամ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամը գերազանցող հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու համար, ուստի այս առումով բացակայում է հանցակազմը»,- փոխանցում են դատախազությունից:

Կառուցապատման ժամկետների խախտմամբ՝ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունների կատարման հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողությունների մասին խոսելով՝ դատախազությունից նշում են, որ իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում, իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի հանդեպ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն չեն ունեցել: