ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է․

«Կորոնավիրուսով վարակի նոր դեպք Հայաստանում չի գրանցվել, մեկուսացված անձանց թիվը նույնպես չի ավելացել»:

Նրա խոսքով՝ բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

«Չինաստանում նվազել է հիվանդացության թիվը, սակայն միաժամանակ այլ երկրներում կորոնավիրուսով վարակի դեպքեր են արձանագրվում և որոշակի տարածում կա… Իրավիճակը լուրջ է, և դժվար է ասել՝ ինչպես կզարգանա»,- ասել է նա:

Եթերի ընթացքում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը նշել է կորոնավիրուսի և սովորական գրիպի մի քանի նմանություն և տարբերություն.

«Կորոնավիրուսը և գրիպը նման են այնքանով, որ սկսվում են մոտավորապես նույն ախտանշաններով՝ կատառալ երևույթներ, ջերմություն: Կորոնավիրուսի միջին և ծանր դեպքում անպայման լինում է թոքաբորբ. կորոնավիրուսը նախընտրում է օրգանիզմում տեղավորվել թոքերի հյուսվածքի վրա, և այնտեղ ընդգրկուն բորբոքում է առաջանում, որն էլ մահվան պատճառ է դառնում, քանի որ բորբոքված թոքերի դեպքում օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում, և դա դառնում է մահվան պատճառ հատկապես ծերերի շրջանում: Իսկ գրիպի վիրուսն ավելի շատ վերին շնչուղիներում է տեղակայվում, և գրիպով ավելի շատ հիվանդանում են երեխաներն ու հղի կանայք: Կորոնավիրուսը շատ քիչ է ախտահարում երեխաների և հղիների օրգանիզմը: Կարևոր տարբերություն է նաև այն, որ գրիպի վիրուսը և մի շարք այլ շնչառական վիրուսներ երկար տարիներ ազատ շրջանառվում է մարդկային պոպուլյացիայում, իսկ նոր կորոնավիրուսը ազատ շրջանառվող վիրուս չէ, դեռ չունի ազատ տարածում մարդկային պոպուլյացիայում: Կորոնավիրուսով հիվանդացածների 80%-ը այդ հիվանդությունն ընթանում է թեթև կամ միջին ծանրության, և բուժվում է, իսկ 20%-ը՝ ծանր, և այդ դեպքում լինում են նաև մահեր: Ծանր դեպքերը տևում են 6-8 շաբաթ»,- նշել է Բակունցը: