Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Օնիքսում»-ի գործունեությունը Արցախի տարածքում
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Արցախի տարածքում «Օնիքսում» ընկերության ծավալած գործունեության համապատասխանությունը Արցախում գործող օրենսդրությանը: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Արցախի ԱԱԾ-ն:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կազմակերպության գործունեության ենթադրյալ հանցավորության վերաբերյալ բավարար և հավաստի փաստական հանգամանքների ձեռքբերման պարագայում Արցախի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կհարուցվի քրեական գործ»,- նշել է ԱԱԾ-ն:
Արցախի ոստիկանությունն էլ նշել է, որ «Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ ուսումնասիրություն չի կատարվել, ինչպես նաև քաղաքացիներից դիմումներ և հաղորդումներ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հարուցվել էր երկու քրեական գործ: Առաջինը հարուցվել էր 2018թ-ի նոյեմբերին՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Այս գործը քննում է Քննչական կոմիտեն:
Երկրորդ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 2020թ-ի փետրվարին:
«Հետք»-ը հարցումներով Արցախի ուժային կառույցներից փորձել է ճշտել, թե արդյո՞ք նրանք ուսումնասիրել են «Օնիքսում»-ի գործունեությունը կամ քաղաքացիներից հաղորդումներ ստացե՞լ են, թե՞ ոչ, քանի որ կազմակերպությունը գրասենյակներ ունի նաև Արցախում: Պատասխաններից փաստորեն պարզ է դառնում, որ Արցախի ԱԱԾ-ն միջոցառումներ է ձեռնարկում, իսկ ոստիկանությունն ուսումնասիրություն չի իրականացրել և քաղաքացիներից հաղորդումներ չեն ստացել: