«Հայանտառ» ՊՈԱԿ-ին հանձնվել են նոր տրակտորներ
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններին հանձնվել են պետբյուջեի միջոցներով ձեռք բերված նոր տրակտորները:
2019թ-ի պետական բյուջեի միջոցներով Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8 գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով:
Ինչպես հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում իրականացվող անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ՝ նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ նպատակ ունեն բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։