Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020թ. սեպտեմբերից կիրականացվի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը: Ծրագիրը վերջերս է հաստատվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀԱԱ համալսարանի հանրային կապերի բաժինը:

Երկրում և տարածաշրջանում իր տեսակի մեջ բացառիկ կրթական ծրագիրը ստեղծվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վիեննայի Բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի (BOKU) համագործակցության արդյունքում՝ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի շրջանակներում:

Եռամյա նախագծի արդյունքների ամփոփումը և մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցան փետրվարի 6-ին: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերության բոլոր կողմերին՝ Ավստրիայի զարգացման գործակալությանը, Ավստրիայի` բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրին (APPEAR), BOKU համալսարանին եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին: Ռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանի ուսանողների գործնական կրթության և փորձուսուցման համար նպատակայնորեն կօգտագործվի համալսարանի՝ Ակունք համայնքում գտնվող, ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը, որը համալսարանին է նվիրաբերել մեկ այլ գործընկեր՝ Շեն ՀԿ-ն:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև «Օրգանական Հայաստան» ընկերակցության նախագահ Լուսինե Նալբանդյանը, «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի ավստրիական կողմի համադրող Վալենտին Ֆիալան (BOKU), հայաստանյան կողմի համադրող Աստղիկ Սահակյանը (ՀԱԱՀ): BOKU համալսարանի ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը հակիրճ ներկայացրեց մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագրի հաջողության համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ ոլորտի մասնագետների անընդհատ աճող պահանջարկ, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակված արդիական ուսումնական պլան և առարկայական ծրագրեր, Ավստրիայում վերպատրաստված դասախոսական թիմ, գործող և ստեղծման փուլում գտնվող ուսումնահետազոտական ենթակառույցներ: