Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդությունը մերժվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան հետագա ստուգման ու բուժման համար Ֆրանսիա տեղափոխելու վերաբերյալ, որը նախատեսվում էր անել հարազատների միջոցներով:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ նրա՝ ներկայացված միջնորդությունը վերաբերում է այդ խափանման միջոցի դեպքում որոշակի բացառություն անելուն: Դատավորը նաև հավելել է, որ դատարանին որևէ փաստարկ չի ներկայացվել այն մասին, որ Գրիգորյանի բուժումը Հայաստանում անհնարին է, անհրաժեշտություն է կամ ծայրահեղ անհրաժեշտություն նրան արտերկիր տեղափոխելը, հայտնում է Պանորամա-ն։
«Եթե նման պատշաճ փաստաթուղթ, բժշկական հետազոտություն ներկայացվեր դատարանին, որ անհնարին է, իհարկե, կքննարկեինք, հնարավորություն կտրվեր տեղափոխելու: Ներկա պահին նման հիմնավորումներ չկան: Հաշվի առնելով սա՝ դատարանը մերժում է միջնորդությունը»,- հայտարարել է նախագահող դատավորը:
Գրիգորյանը շարունակվում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապայի բաժանմունքում:
«Ներկա պահին սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն պահպանվում է հաճախասրտությունը, ռիթմի խանգարման վտանգը, որի հետ կապված շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Մարտիրոսյանը: