Ռոջեր Դիքինսին Կինոօպերատորների գիլդիայի մրցանակ են շնորհել
Բրիտանացի Ռոջեր Դիքինսը ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակով է պարգևատրվել ռեժիսոր Դենի Վիլնյովի «Ածելու վրայով վազողը 2049» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ Պարգևների հանձնման արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: 68-ամյա Դիքինսը Գիլդիայի պարգևին է արժանացել արդեն հինգերորդ անգամ:
Անկախ և փառատոնային ֆիլմերի օպերատորներին հանձնվող հատուկ պարգևի դափնեկիր է դարձել Մարտ Տանիելը «Նոյեմբեր» էստոնական կինոնկարում կատարած իր աշխատանքի համար: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակը ոչ միշտ է այն բանի ճշգրիտ ցուցիչը, որ իր դափնեկիրը «Օսկար» կստանա համանման անվանակարգում:
Նա ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի կողմից հանձնվող պարգևին ընդհանուր առմամբ անվանակարգվել է 13 անգամ, բայց ոչ մի անգամ այն չի ստացել: 2018 թ․-ին նա հերթական անգամ առաջադրվել է «Օսկարի», և փորձագետները կանխագուշակում են, որ այս անգամ նա կստանա արձանիկը՝ թեկուզև 14-րդ փորձից:
Դիքինսը օպերատոր է եղել այնպիսի ֆիլմերի նկարահանումներում, ինչպիսիք են՝ «Փախուստ Շոուշենքից», «Ծերերն այստեղ տեղ չունեն», «007. «Սքայֆոլի» կոորդինատները» կինոնկարները: Բոլոր այս ֆիլմերի համար նա անվանակարգվել է «Օսկարի»: ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան մարտի 4-ին «Օսկարներ» կհանձնի 90-րդ անգամ: