«Քաջ Արծիվ» (The Brave Eagle) գիրքը՝ նվիրված Ապրիլյան քառօրյայի մասնակից Ադամ Սահակյանին ներկայացվել է ընթերցողի դատին
Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է 2016թ-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված Ադամ Խաչատուրի Սահակյանը: Նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, նկարահանվել տարբեր հաղորդումներ՝ ներկայացնելու գալիք սերնդին հերոսական սխրանքն ու խիզախությունը:
Մտավորական և գրող Սամվել Բիշարյանը ներկայացրել է ընթերցողների դատին «Քաջ Արծիվ»՝ «THE Brave Eagle» վերնագրով գիրքը, որը նվիրված է Ադամ Սահակյանին։ Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։
Սամվել Բիշարյանը ծնվել է 1958թ. Երևանում: 1983թ. Ավարտել է Բրյուսովի անվան Ռուսաց և Օտար լեզուների ինստիտուտը: Դասավանդել է դպրոցներում և համալսարեններում: Եղել է «Մեթոդ» միավորման նախագահ: Մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում անցկացվելիք 23 ժամյա դասընթացներին: 1997-1998թթ. աշխատել Է Ամերիկյան Դեսպանատանը:
Այժմ գրում է բանաստեղծություններ և երեխաների, և մեծերի համար: Հանդիսանում է բազմաթիվ գրքերի հեղինակ:
Ինչպես նշել է ինքը հեղինակը՝ «Քաջ Արծիվ» գիրքը նվիրված է մեր օրերի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված Ադամ Սահակյանին: Սա Ադամին նվիրված երկրորդ գիրքն է: Առաջինը կրում է «Hello Adam» (Ողջույն Ադամ) վերնագիրը: Այս գիրքը Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է։ Այն ավելի շուտ փաստավավերագրական բնույթ ունի։
Այսպիսով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է գրեթե 4 տարի, կապված դրա հետ ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչ օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։