Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում /Դրամատիկական թատրոնի հարևանությամբ/ մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված են, արդեն վստահաբար կարող են ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը, իր ստեղծագործական օջախը:

Փոխնախարարի խոսքով, այս տարի 46 միլիոն կհատկացնեն վարչական հատվածի շինաշխատանքների համար, հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ: Ա. Խզմալյանն ասաց, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք եղել են, չեն խաթարում շենքի պատմամշակութային արժեքը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն ասել է, որ նախագիծը երկու տարի առաջ ավարտված էր, սակայն բազմաթիվ խնիդրներ կային նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:

«Նախաձեռնեցինք նախագծի վերանայում, անհրաժեշտ փոփոխություններն իրականացրեցինք, ներկայացրեցինք գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացանք թույլտվություն, դրան հաջորդեցին քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգեր, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի վերանայում, նոյեմբերի 20-ին ստացանք շինարարության թույլտվություն»,- նշել է նա:

Արսեն Միրզոյանի խոսքով, նախատեսված է աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում, սակայն պլանավորում են ավարտել ավելի շուտ՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբերին: