Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կոռնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016թ-ին Կոռնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։

Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար։ Մասնավորապես, 2017-2018թթ-ի ընթացքում իրեն և այլ անձանց պատկանող վարելահողերում համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով կատարվել են մի շարք աշխատանքներ։

Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում Կոռնիձոր համայնքի ղեկավարը Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանություն իրականացնելու պայմանագիր և կատարված աշխատանքների դիմաց ստացած 4 միլիոն 960 հազար դրամից ավելի գումարը յուրացրել է։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին՝ հետագա քննության։