Խորհրդարանը չի ընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շրջանակում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։

Նախագիծը չի ընդունվել, քանի որ դեմ էր խորհրդարանական մեծամասնությունը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` կոչ անելով դեմ քվեարկել նախագծին: Մակունցի խոսքով` այս տեսքով փոփոխությունները համահունչ չեն Կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ լիագումար նիստում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել էր, որ նշված նախագծով հիմնադրամի հիմնադրման ժամանակ դրված նպատակներից շեղում է արձանագրվում:

Ուշագրավ է, որ նախագծին կողմ էին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլականները, այդ մասին նրանք իրենց ելույթներում էին ասում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում ասում էր, որ սա զինվորներին ուղղված ուղերձ է` կարևորը դուք առողջ տունք վերադարձեք.

«Չենք ուզում մտածել, որ պետք է ծանր-ծանր վիրավորում ստանաք կամ զոհվեք, որ աջակցություն ստանաք»,- ասել էր նա:

Այսօր պատգամավորը քվեարկությանը ներկա չէր:

Նկատենք նաև, որ լիագումար նիստում նախագծի հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը թվեր չի հնչեցրել, թե փոփոխությունների պարագայում այն քանի շահառուի վրա կտարածվի, սակայն ասել է` թվերն ավելի փոքր են, քան իր նախատեսածն է:

«Եթե ենթադրենք, որ տարեկան քսան հոգի է, մեկ տարվա ծախսը կկազմի 130 միլիոն դրամ»,- ասել էր նա: