ԵԹԿՊԻ-ն շուտով մեկնարկելու է հեռուստահաղորդաշար՝ ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ձեռքբերումները հանրությանը ներկայացնելու նպատակով
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ռեկտոր Լիլիթ Արզումանյանի նախաձեռնությամբ շուտով կմեկնարկի հեռուստահաղորդաշար, որը նպատակ ունի հանրահռչակելու ԵԹԿՊԻ-ի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական գործունեությունն ու ձեռքբերումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որում մասնավորապես ասվում է․
«Հաղորդաշարն իրականացվելու է մեր ԲՈՒՀ-ի ուսանողների և դասախոսների մասնագիտական ներուժով՝ աջակցությամբ գործընկեր հեռուստաարտադրող կազմակերպությունների։ Այն ուսանողները, ովքեր ունեն ստեղծագործական թիմում ընդգրկվելու ցանկություն, կարող են դիմել մեզ։ Սա հեռուստատեսության ոլորտում մասնագիտական ինքնադրսևորման հիանալի հարթակ է։
Հեռուստահաղորդաշարից բացի, պատրաստվում ենք կազմել երաժշտական բենդ, որը հանդես է գալու ամենատարբեր մշակութային նախաձեռնություններում՝ ներկայացնելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Այն ուսանողները, որոնք տիրապետում են երաժշտական գործիքների կամ ունեն ձայնային լավ տվյալներ կարող են դիմել մեզ։ Գրանցման համար ձեզ սպասում ենք ամեն օր, մինչև դեկտեմբերի 15-ը՝ Ուսանողական թատրոնի գրասենյակում։
Ստեղծագործում ենք մեկ հարկի տակ»։