Թուրքիան շարունակում է անօրինական գործողությունները՝ խախտելով Կիպրոսի ինքնիշխան իրավունքները
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիային, նշելով, որ նա խախտում է միջազգային իրավունքը և Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)։
Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, և նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ և աշխատանքն սկսել այնտեղ: Մինչ այդ ENI իտալական նավթընկերությունը ֆրասիական Total-ի հետ միասին հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում և փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում:
«Թուրքիան շարունակում է կոպտորեն խախտել Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արևելյան Միջերկրականում: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից»,-ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում և նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: